Միջազգային համագործակցություն

ԵՊՀ ՏԳԲ մագիստրոսական ծրագրի և ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանի DA ծրագրի համագործակցություն

2018 թվականից Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) և Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) աջակցութամբ մեկնարկեց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» և ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանի «Տվյալների անալիտիկա» մագիստրոսական ծրագրերի միջև համագործակցությունը։ 

    Այդ հավակնոտ նախաձեռնության առաջին արդյունքը այն էր, որ 2019 թվականի մայիսին ԵՊՀ-ի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի մի խումբ ուսանողներ և դասախոսներ մեկնեցին Սան Խոսեի պետական համալսարան, որտեղ նրանք ներգրավվեցին Սիլիկոնյան հովտի մի շարք միջազգային ընկերությունների աշխատանքներին։

    Հաջորդ քայլն այն  էր, որ  կրթական ծրագիրը ամբողջապես թարմացվեց և նորացվեց։ Այսօր ԵՊՀ  «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ուսումնական պլաները լիովին համահունչ են Սան Խոսեի պետական համալսարանի «Տվյալների վերլուծություն» ծրագրի պլանի հետ։

 Բանակցությունների արդյունքում ԵՊՀ-ն այսօր հնարավորություն ունի «Տվյալների գիտությունը բիզնեսում» ծրագրի մագիստրոսներին տրամադրել բարձրագույն կրթության կրկնակի դիպլոմներ։ Համագործակցության շնորհիվ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի երկրորդ կուրսի երեք լավագույն ուսանողներ 2020 թվականի սեպտեմբերից կարող են շարունակել իրենց ուսումը Սան Խոսեի պետական համալսարանում։ Ընդամենը մեկ տարի սովորելով ԱՄՆ-ում ուսանողները հնարավորություն են ստանալու ձեռք բերել կրկնակի դիպլոմ և Հայաստանում իրենց գործունեությունը ծավալելու  մեծ հնարավորություններ։ 

    Համալսարանի համար այս կարևորագույն համագործակցությունը հնարավորություն է ընձեռնում  ԵՊՀ-ն դիրքավորել նորագույն և գերպահանջված մասնագիտությունների քարտեզում։

NVIDIA  և ԵՊՀ համագործակցություն

Nvidia ընկերությունն ունի կրթական ծրագրերի նախաձեռնություն, որը առաջարկում է ամբողջ աշխարհով մեկ։ Այդ նախաձեռնության շրջանակներում  այսօր աշխարհի տարբեր համալսարանների դասախոսներ՝ անցնելով որոշակի գործընթացներ,  միանում են Nvidia ընկերության կողմից մշակված կրթական ծրագրերին, որոնք հիմնականում տվյալների գիտության, արհեստական բանականության և ռոբոտաշինության ոլորտներն են ընդգրկում։

  Երեք տարի առաջ՝ 2017 թվականին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և ISTC հիմնադրամի հետ համատեղ ստեղծվեց «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը, որը շատ արագ դարձավ ԵՊՀ-ի ամենապահանջված մասնագիտություններից մեկը:

  Չափազանց կարճ ժամանակահատվածում ծրագրին հաջողվեց համագործակցություն հաստատել մի շարք կազմակերպությունների հետ, ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ արտերկրում, այդ թվում նաև Nvidia-ի հետ ։

  Հպարտորեն նշենք, որ այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը միացել է Nvidia -ի նախաձեռնությանը  այս պահին  ԵՊՀ-ի մի շարք երիտասարդ դասախոսներ՝ EIF-ի  աջակցությամբ  արդեն գրանցվել են որպես Nvidia -ի կրթական ծրագրերի դասախոներ ( Nvidia educator),  իսկ երիտասարդ դասախոսներ Գագիկ Չախոյանը և Գևորգ Ղալաչյանը արդեն անցել են Nvidia-ի կրթական նախաձեռնության «դեսպանի» կարգավիճակի ստացման  գործընթացը և հաստատվել են որպես  Nvidiaի դեսպան։ Նրանք միակ Nvidia դեսպաններն են ոչ միայն Հայաստանում, այլև մեր ամբողջ տարածաշրջանում:

Դա  ենթադրում է, որ այդ դասախոսները հրավիրվելու են աշխարհի տարբեր համալսարաններ՝ Nvidia-ի կրթական տեխնոլոգիանները դասավանդելու և ներկայացնելու  համար։

  Այսպիսի կարգավիճակ ստանալու գործընթացը բավականին բարդ է, և այդպիսի կարգավիճակ կարող են  ստանալ միայն աշխարհի առաջատար բուհերի դասախոսները ։

  Հայտնի է, որ տվյալագիտության ոլորտը ամենադինամիկ զարգացող ոլորտն է աշխարհում, ինչպես հետազոտական աշխատանքների առումով, այնպես էլ հատկապես կրթական ծրագրերի առումով՝ անհրաժեշտ է մեծ ճկունություն այդ փոփոխություններին արագ և գրագետ արձագանքելու համար։

  Եվ այսօր արդեն կարելի է վստահ փաստել, որ  սկսած 2020թվականի սեպտեմբերից Nvidia-ի տեխնոլոգիանները կիրառվելու են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրում, ինչը մեզ թույլ կտա նոր մակարդակի բարձրացնել բարձրագույն կրթության     դասավանդման որակը, որը  առայժմ նախադեպ չունի Հայաստանում։

  Եվ ի վերջո  Nvidia-ի հետ համագործակցությունը  թույլ կտա, որ ԵՊՀ-ի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը ոչ միայն դրսից գիտելիք ներմուծի, այլև ինքը հնարավորություն կունենա դառնալ որակյալ գիտելիք արտահանող։